Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Սանկտ Պետրերբուրգի եռակողմ հանդիպումը դրական փաստ է, հայտարարել է Հարավային Կովկասի գծով ԱՄՆ պտքարտուղարի նախկին օգնական, ԱՄՆ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
Դիվանագետի ասելով, որին վկայակոչում է «ՌԻԱ Նովոստին», Սանկտ Պետերբուրգի հանդիպումը բարենպաստ հոգեբանական մթնորլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջընթացի համար: «Հանդիպումից հետո հակամարտության կարգավորման գործում գլոբալ փոփոխություններ և բեկում չէին ակնկալվում: Հանդիպումն ամրապնդել է մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված արդյունքները: Որոշվել է ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ընդհանուր առմամբ, այն, որ հանդիպումը կայացել է, անկասկած, դրական փաստ է», - ասել է Բրայզան:
Ինչպես կարծում է փորձագետը, հանդիպմանն իր մասնկացությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է իրեն ամրագրել խաղաղարարի իմիջ և դրանով իսկ ազդել ԵՄ վրա` Ուկրաինայի ճգնաժամից հետո ՌԴ նկատմաբ սահմանված պատժամիջոցների վերացման առումով: «Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հանդիպմանը կարելի է գնահատել դրական, չէ որ, վերջին հաշվով, հանդիպումն ընթացել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար: Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իրենց կանոնավոր շփումների կարևորությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»: