ԼՂՀ ղեկավարի մամուլի քատուղար Դավիթ Բաբայանը դրական է համարում վստահության մեխանիզմների ներդրման և հաշտության գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծման շուրջ համաձայնության ձեռք բերումը Պետերբուրգի հանդիպման արդյունքում: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Գործարկվել է վստահության մեխանիզմների ներդրման և հաշտության գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծման գործընթացը», - հայտարարել է Բաբայանը: Նրա ասելով, հանդիպման ընթացքում հերթական անգամ արձանագրվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ այլընտրանքի բացակայությունը: Այդ համատեքստում նա հատկապես նշել է հավատարմությունը մայիսի 16-ին Վիենայում հայ-ադրբեջանական հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիլի լիազորությունների ընդլայնման պատրաստակամությունը: «Չնայած այն հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առայժմ զուտ տեխնիկական բնույթի են, մենք կարծում ենք, որ դա կդառնա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի սկիզբ», - հայտարարել է Բաբայանը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Դավիթ Բաբայանը, գործընթացը կլինի երկար, իսկ «ճանապարհը` տատասկոտ», քանի որ Ադրբեջանը հերթական անգամ կդրսևորի ոչ կառուցողական դիրքորշում: «Ձեռք բերված պայմանավորվածությունների իրացման որոշակի փուլում Ադրբեջանը կփորձի խոչընդոտներ հարուցել հետաքննության մեխանիզմների լիարժեք ներդրմանը», - նշել է նա: Նրա ասելով, Ադրբեջանը վաղուց ի վեր որդեգրել է բավականին խորամանկ քաղաքականություն. հրապարակավ համաձայնել խաղաղ նախաձեռնություններին, սակայն ընդհատակյա խոչընդոտել դրանց իրագործմանը: «Սակայն, կարծում եմ, Ադրբեջանի համար գնալով ավելի դժվար է դառնում շարունակել խաղաղասերի դիմակ կրել` դրանով իսկ մոլորեցնելով համաշխարհային հանրությանը», - նշել է Բաբայանը:
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կայացել էր ՌԴ նախագահի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, և ընդունվել էր համատեղ հայտարարություն: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար: Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իրենց կանոնավոր շփումների կարևորությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»: