

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը Հայաստան չի գա: Այդ մասին հաղորդել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Մելիքյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աթեշյանը հունիսի 15-ին մեկնում է Ռուսաստան, իսկ այնտեղից ժամանելու է Հայաստան` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին և Հռոմի պապի այցի առնչությամբ կազմակերպվող միջոցառումներին:
Սակայն այդ լուրը հակազդեցություն էր հարուցել հայ հասարակության շրջանում և քաղաքական շրջանակներում: ԱԺ պատգամավորները ստորագրահավաք էին սկսել Աթեշյանի մուտքը Հայաստան թույլ չտալու նպատակով, իսկ ակտիվիստները մտադիր էին օդանավակայանում նեխած հավկիթներով և լոլիկներով դիմավորել փոխանորդին:
Աթեշյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հղված նրա նամակն է, որում արքեպիսկոպոսը քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի որոշումը: Դա վրդովել է աշխարհի հայությանը:



