Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳն ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունները որակել է «ոչ կառուցողական և հակասական»: «Ընթացիկ բանակցությունների տրամաբանությանն ու էությանը համապատասխան գործելու փոխարեն` Հայաստանը կրկին ձգտում է ամրապնդել ստատուս-քվոն: Դա հակասում է ստատուս-քվոյի անընդունելիության և անկայունության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը նրանք բազմիցս արտահայտել են: Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով հակամարտության կարգավորման շուրջ սուբստանտիվ բանակցություններին, դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով կայացած հանդիպումը, որն ընթացել է կառուցողական մթնոլորտում», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ իր հայտարրաությունում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն անընդհատ տարբեր հայտարարություններ էր անում, «որոնք հազիվ թե կարելի է համարել կառուցողական»: Այդ համատեքստում նախարարը մտահոգություն էր այն առնչությամբ, որ այն ժամանակ, երբ Սանկտ Պետերբուրգում անցկացվում է երեք առաջնորդների հանդիպումը, Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում՝ 25 հազար զինավորների և ծանր հրետանում մասնակցությամբ: «Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի հանդիպումներից առաջ», - նշել էր Նալբանդյանը:
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կայացել էր ՌԴ նախագահի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, և ընդունվել էր համատեղ հայտարարություն: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար: Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իրենց կանոնավոր շփումների կարևորությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»: