Մոսկվան առաջ չի մղի Ղարաբաղի շուրջ գործընթացը՝ առանց իրական երաշխիքների, որ ավելի վատ չի լինի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպումը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն Իլհամ Ալիևը, նշելով ստատուս-քվոյի հաղթահարման անհրաժեշտությունը, համոզմունք է հայտնել, որ դա կարելի է անել միայն ՙԱդրբեջանի տարածքների ապաօկուպացման՚ միջոցով: Սերժ Սարգսյանը սահմանափակվել է հակամարտության խաղաղ կարգավորմանը Երևանի կողմնակցության վերաբերյալ հերթական հայտարարությամբ՝ նշելով, որ ՙցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում՚: Նախագահները նման ձևաչափով պարբերաբար հանդիպումներ անցկացնելու պատրաստակամություն են հայտնել, ինչպես նաև համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը:
ՙՄոսկվայի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՙդանդաղ շտապիր՚ սկզբունքը, թերևս, մնում է գլխավորը: Այդ պատճառով այդ ուղղությամբ այս կամ այն իրադարձության առնչությամբ Մոսկվայից արագ և կոշտ արձագանք պետք է սպասել բացառապես այն դեպքում, եթե դրան վերջինիս դրդեն ղարաբաղյան գործընթացի այլ մասնակիցները: Ըստ որում, համոզված եմ, որ կարգավորման համար սկզբունքային պայմանը խաղաղության և փոխզիջումների կողմերի պատրաստակամությունն է: Սարգսյանի և Ալիևի փոխարեն ղարաբաղյան խնդիրը չեն հագուցալուծի ոչ Պուտինը, ոչ Օբաման՚,- համոզված է վերլուծաբանը:
Մարկեդոնովը նշում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան, ի տարբերություն հետխորհրդային այլ հակամարտությունների, երկար տարիներ հաջողությամբ համադրում է անձնական գործողությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում գործողությունների հետ՝ ոչ միայն չհակադրելով դրանք, այլ նաև լրացնելով մեկը մյուսով: Սակայն, եռակողմ ձևաչափով պետերբուրգյան հանդիպման արդյունքում գործընթացը, ըստ վերլուծաբանի, նոր ազդակ է ստացել՝ հաշվի առնելով Մոսկվայի առանձնահատուկ դերը:
ՙՀայաստանը և Ադրբեջանը, ի տարբերություն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի, կարգավորման հարցում շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ. Երևանը՝ որպես Մոսկվայի ռազմական դաշնակից, Բաքուն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ՙճոճանակի քաղաքականության՚ շրջանակներում, ինչը բազմիցս արդարացրել է իրեն ամենաբարդ ժամանակաշրջաններում: Մոսկվան իր հերթին ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռության պահպանման, ղարաբաղյան դիմակայության ապաէսկալացիայի և Արևմուտքի առջև ներուժի ցուցադրման՚,- ամփոփել է վերլուծաբանը: