


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հրաժարվել է արցախյան պատերազմի հերոս, ՙՆոր Հայաստան՚ շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման առնչությամբ գնահատականներից:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շարմազանովը, ՙսա այն հարցը, չէ, որն ինքը պետք է մեկնաբանի՚: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ
համաձայն չէ այն կարծիքներին, որ Սեֆիլյանի նկատմամբ գործը կեղծված է:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սեֆիլյանը հայտարարել է, որ իր ձերբակալությունն իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է:
Նշենք, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ քննչական կոմիտեի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ:



