


Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդարացրել է սպասումները, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Իհարկե, նշել է նա, այդ հանդիպումից ոչ ոք բանակցային գործընթացում արմատական առաջընթաց չէր սպասում, սակայն, այն, անշուշտ, կարևոր է, թեկուզ այն պատճառով, որ կարողացավ խաղաղություն ապահովել հակամարտության գոտում: ՙԱյսօր առաջնահերթ խնդիրը ոչ թե բեկումն է բանակցություններում, այլ հակամարտության գոտում որքան հնարավոր է երկարաժամկետ խաղաղության ապահովումը: Այս առումով Սանկտ Պետերբուրգում հանդիպումն արդարացրեց սպասումները՚,- հայտարարել է Շարմազանովը՝ նշելով, որ այսօր դեռ բարդ է խոսել այն մասին, թե որքան երկար կհաջողվի պահպանել հարաբերական անդորրը տարածաշրջանում:
Փոխխոսնակը կրկին ընդգծել է բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի վերադարձի անհրաժեշտությունը, քանի որ առանց Ստեփանակերտի ոչ ոք իրավասու չէ որոշելու Արցախի ճակատագիրը: ՙՔանի դեռ Ստեփանակերտը չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես լիիրավ կողմ, ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումն անհնար է՚,-ասել է Շարմազանովը:



