


Հունիսի 21-ին առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպել և զրուցել է նախորդ օրը ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի հետ: Զրույցի ընթացքում Ժ.Սեֆիլյանը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է: Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Ժ.Սեֆիլյանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին: Արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել քննություն իրականացնող մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն այցով մեկնել են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ Ժիրայր Սեֆիլյանին տեսակցության:



