Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ հունիսի 20-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը «անցել է կառուցողական մթնոլորտում»:
Լրագրողների հետ ճեպազրույցում Նալբանդյանը, մասնավորապես, նշել է. «Հանդիպումը բավական օգտակար էր, և որոշ զգուշավորությամբ կարող եմ ասել, որ այն անցել է կառուցողական մթնոլորտում»: Արտգործնախարարի ասելով, որոշ հարցերի շուրջ նախագահները հանգել են ըմբռնման: «Եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ տանել` դեպի հիմնախնդրի կարգավորման գործում առաջընթաց», - հայտարարել է նա:
Ինչպես պարզաբանել է Նալբանդյանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները ինչպես երկու երկրների նախագահների, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով: «Գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների ձեւաչափով», - ճշտել է Նալբանդյանը: «Պատահական չէ, որ բանակցություների եզրափակիչ փուլին հրավիրվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ», - նշել է նա:
Արտգործնախարարը նաև տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնման շուրջ: Նախարարը հիշեցրել է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն անընդհատ տարբեր հայտարարություններ էր անում, որոնք հազիվ թե կարելի է համարել կառուցողական: Այդ համատեքստում նախարարը մտահոգություն է այն առնչությամբ, որ այն ժամանակ, երբ Սանկտ Պետերբուրգում անցկացվում է երեք առաջնորդների հանդիպումը, Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում՝ 25 հազար զինավորների և ծանր հրետանում մասնակցությամբ: «Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի հանդիպումներից առաջ», - նշել է Նալբանդյանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ:
Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար:
Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իրենց կանոնավոր շփումների կարևորությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»: