

2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ:
Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար:
Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իրենց կանոնավոր շփումների կարևորությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»:



