Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության՝ ղարաբաղյան հարցը շահարկելու փորձերը կրկին ձախողվել են:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, չնայած օրակարգում ղարաբաղյան խնդրին առնչվող հարցերի բացակայությանը, ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան դիմել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ հետաքրքրվելով, թե ինչու չի իրագործվում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը:
Ի պատասխան՝ Յագլանդը նշել է. ՙԵԽ-ն ղարաբաղյան խնդրի կարգավորման մանդատ չունի. այդ հարցով բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում, և նրանք /ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ-խմբ./ չեն ցանկանում, որ մենք միջամտենք այդ հարցին: Մենք պետք է հարգենք այդ դիրքորոշումը, որպեսզի չվնասենք խաղաղարար գործընթացին՚:
Նշենք, որ հունվարի 26-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տվել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցին` ուղղումներով: Ներկայացնելով զեկույցը` Մարկովիչը հայտարարել է, որ Սարսանգի ջրամբարի տարածքը վերահսկում է Հայաստանը, մինչդեռ «դա Ադրբեջանի տարածք է»: Նա հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական բնակավայրեր Սարսանգի ջրի մուտքին խոչընդոտելու համար, ինչի պատճառով տուժում է գյուղատնտեսությունը, բուսական և կենդանական աշխարհը: Փաստաթղթում կոչ է արվում հայկական կողմին՝ Ադրբեջանի հետ համատեղ օգտագործել Սարսանգի ջուրը: