

Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհրաժեշտ է հաղթահարել, սակայն դրա համար անհրաժեշտ է դուրս բերել հայկական զորքերը, Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ՙՀակամարտությունը ձգձգվել է, ինչպես հայտարարել են Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է, մենք այդ հայտարարությանն ամբողջությամբ աջակցում ենք՚,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ալիևը: ՙՍակայն, որպեսզի փոխվի ստատուս քվոն, անհրաժեշտ է սկսել Ադրբեջանի տարածքի ապաօկուպացիան՚,- հայտարարել է Ալիևը:
Նա նաև հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցում մտադիր է մանրամասն քննարկել Լեռնային Ղարաբաղի թեման: «Մենք հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին, որը վերջին 2 տարում գրեթե չէր ընթանում՚,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին եռակողմ հանդիպման նախաձեռնության, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերջինիս կառուցողական դերի համար:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Սանկտ Պետերբուրգում հանդիպումից իր ակնկալիքների մասին, հայտարարել է, որ ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, ինչպես նաև հրադադարի խախտումների բացառում: ՙԱկնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք, վերջապես, կպայմանավորվենք, և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններին խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը դրական հունով՚,- նշել է նախագահը: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հիմնական խնդիրն է ապահովագրվել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից:



