


Այս պահին խուզարկություն է կատարվում Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում, տեղեկացնում է Facebook-ում ՙՆոր Հայաստան՚ շարժման էջը:
ՙՆերս են ներթափանցել դուռը կոտրելու միջոցով։ Նանոր Սեֆիլյանը հասել է տուն։ Դրսում կանգնած են Զարուհի Փոստանջյանը և Ռուզան Եղնուկյանը, որոնց թույլ չեն տալիս ներկա գտնվել խուզարկությանը։ Սեֆիլյանի տան առջև մեքենաների կուտակում կա՚,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ քննչական կոմիտեի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ:



