


Արցախյան պատերազմի հերոս և ՙՆոր Հայաստան՚ շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը բացառապես քաղաքական բնույթ է կրում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Սեֆիլյանի ձերբակալությունը նրա նկատմամբ հետևողական քաղաքական հետապնդումների շարունակությունն է: Մարտիրոսյանի կարծիքով, նա խանգարում էր իշխանություններին ինչ-որ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ՙԿարծում եմ, որ դրանք հարցեր են՝ տարածքների հանձնման կամ անընդունելի զիջումների հետ կապված, որոնց իրականացմանը խանգարում էր Սեֆիլյանը: Հետևաբար՝ նման կերպ իշխանությունները վերացրել են այդ խոչընդոտը՚,- ընդգծել է նա:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հակառակ տեսակետն ունի: Նրա կարծիքով, Սեֆիլյանի ձերբակալությունն անհրաժեշտ է դիտարկել զուտ քրեական համատեքստում: Նա չի կիսել Մարտիրոսյանի կարծիքը, որ Սեֆիլյանի ձերբակալությունը ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի հետ: ՙԵրկրում կատարվող ամեն բան չէ, որ կապված է ղարաբաղյան հակամարտության հետ, Սեֆիլյանի ձերբակալությունն առավել ևս: Դա բացառապես իրավական հարց է, և որևէ այլ մեկնաբանություն այդ առնչությամբ լինել չի կարող՚,- հայտարարել է հանրապետականը:
Նշենք, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ քննչական կոմիտեի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ:



