
Սանկտ Պետերբուրգում Ալիևը կրկին կփորձի հակամարտության գոտում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումը հանել բանակցային օրակարգից: ԱրՄինֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
ՙԿարծում եմ, որ որևէ անսպասելի բան չկա նաև Ադրբեջանում ներկայիս զորավարժությունների մեջ, քանի որ իր ուժերը ցույց տալու Բաքվի փորձերը լիովին տեղավորվում են տարածաշրջանային աշխարհաքաղաքական միտումներում: Մասնավորապես, Ադրբեջանն Արցախի հետ սահմանին խոշորամասշտաբ զորավարժություններ է նախաձեռնել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակելու և մեծացնելու վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունից հետո՚,- նշել է վերլուծաբանը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպման շարունակությունն են, որոնց ընթացքում Սարգսյանը և Ալիևը հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-24-ը Արցախին հարակից Ադրբեջանի տարածքներում անցկացվող զորավարժությունների լույսի ներքո՝ 25000 զինվորականների, հարյուրավոր տանկերի և հրթիռային ու հրետանային համակարգերի մասնակցությամբ:
Սարգսյանի կարծիքով, Ալիևը ձգտել է պետերբուրգյան հանդիպման ձևաչափի փոփոխման՝ հունիսի 7-ին Գերմանիա իր այցի ընթացքում ակնկալելով այդ հարցում ձեռք բերել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը: Սակայն, վերջինս միայն հիշեցրել է ՙհակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի առանցքային դերի մասին՚, որ արվել է նախագահների պետերբուրգյան հանդիպմանը մասնակցելու մտադրության վերաբերյալ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը զուգահեռ: Նա նաև հատկանշական է համարել Ուորլիքի այն հայտարարությունը, որ Պետերբուրգում քննարկվելու է սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումը:
Սարգսյանը ենթադրել է բանակցային օրակարգի փոփոխության վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև պայմանավորվածության առկայության մասին, սակայն նման պայմանավորվածությունը, ըստ նրա, խափանվել է ԵԱՀԿ կոշտ հայտարարությամբ, որն ամբողջովին իրենից գցել է նման բանակցությունների ելքի համար պատասխանատըվությունը: Եվ ՙԼավրովի պլանի՚ բացակայության մասին ՌԴ ԱԳՆ հապճեպ հայտարարուրթյունն ակնհայտորեն հաստատում է բանակցային օրակարգի փոփոխման ծրագրի ձախողումը: