Ես միշտ քննադատել եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, սակայն վերջին ժամանակներս մենք դիտում ենք հակամարտության կարգավորման նկատմամբ Ռուսսատանի օբյեկտիվ դիրքրոշում, հունիսի 20-ին հայտարարել է Ադրբեջանի փախստականների և հարկադրաբար վերաբնակեցվածների պետական հանձնաժողովի նախագահ Ալի Գասանովը:
«Մենք հավատում ենք, որ Վլադիմիր Պուտինն օբյեկտիվ դիրքորոշում կդրսևորի: Դա վաղ թե ուշ պետք է տեղի ունենար, այսպես չէր կարող երկար շարունակվել, արդարությունն զբաղեցնում է իր տեղը: Մենք ակնկալում ենք հակամարտության օբյեկտիվ կարգավորում: Եվ այսօր Հայաստանում սկսել են հանդես գալ Ռուսաստանի դեմ, տեղադրվել է մի մարդու հուշարձանը, ով ժամանակին, Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ծառայել է ֆաշիստական ռեժիմին (ազգային հերոս, հայ պետական գործիչ Գարեգին Նժդեհ – խմբ.)», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:
Փառաբանելով Իլհամ Ալիևին, որը «չի ցանկանում արցունք տեսնել հայ մայրերի աչքերին», Գասանովը Սերժ Սարգսյանին մեղադրել է Արարատ լեռը զավթելու ձգտման համար, ինչից հետո դժգոհել է, թե շատ դժվար է նման մարդու հետ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: «Պատկերացնու՟մ եք, թե մեր նախագահի համար որքան դժվար է բանակցությունների սեղանի շուրջ նստել Սերժ Սարգսյանի հետ», - լրագրողներին բողոքել է ադրբեջանցի պաշտոնյան:
Այդուհանդերձ, իր խոսքի ավարտին, հիշեցնելով, որ այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ղեկավարի միջնորդությամբ կայանալու է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում, Գասանովը հույս է հայտնել, որ այդ հանդիպմանն առաջընթաց ձեռք կբերվի: