


Հունիսի20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևն ստիպված է լինելու նախանշել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերն սպասարկելու իր պատրաստակամության սահմանները` Արցախի տարածքի մեծ մասի դիմաց: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախպարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Վլադիմիր Պուտինին, ակներևաբար, հաջողվել է ցուցադրել Հայաստանի քաղաքական վերնախավի նկատմամբ սեփական վերահսկողության աստիճանը, ինչը թույլ է տալիս, անհրաժեշտության դեպքում, վերջինին ստիպել կայացնել որոշումներ, որոնք լիովին հակասում են Հայաստանի ազգային շահերին: Կարծում եմ, որ այժմ Ալիևի հերթն է, և նրա դիրքորոշումը վերջնականապես ի հայտ կգա հենց պետերբուրգյան հանդիպման ընթացքում», - նշել է վերլուծաբանը:
Մելիքյանը կարծում է, որ նման իրադրությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ սահմանային միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմների ներդրումը ձեռնտու չէ Մոսկվային: Հետևաբար, Ռուսաստանը, նրա կարծիքով, շահագրգռված է հակամարտող կողմերի հրահրմամբ ստատուս-քվոյի այնպիսի խախտման, որը նրան թույլ կտա միաժամանակ պահպանել Հայաստանի հետ հարաբերությունները և միանգամայն նոր մակարդակի բարձրացնել Բաքվի հետ հարաբերությունները, ինչը հիանալի ցուցադրեց «քառօրյա պատերազմը»:
«Այսպիսով, պետերբուրգյան հանդիպումից, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, ավելի մեծ ակնկալիքներ ունեն ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ` Ռուսաստանը, որը որոշակիորեն Ալիևից ակնկալում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ապագայի նկատմամբ սեփական դիրքորոշման վերջնական հստակեցում», - ամփոփել է վերլուծաբանը:


