
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 17-ին ՙՀամախմբում՚ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ:
Իր ելույթում Օսկանյանը նշել է, որ իր գլխավորած քաղաքական ուժը հերթականը չի լինի և մտադիր է առանցքային տեղ զբաղեցնել երկրի քաղաքական դաշտում: Մասնավորապես, նա հայտարարել է, որ կուսակցությունը հանդես է գալիս բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումների օգտին, քանի որ համարում է դրանք երկրի հաջող զարգացման գրավականը:ՙ Մենք կարող ենք անվերջ ձևացնել, որ Հայաստանում ազատ տնտեսություն է և կայացած ժողովրդավարական ինստիտուտներ, սակայն դա միայն կվատթարացնի իրավիճակը՚,-հայտարարել է քաղաքական գործիչը՝ նշելով ազատ շուկայի ստեղծման, մոնոպոլիայի և կոռուպցիայի վերացման անհրաժեշտությունը:
ՙՄենք առաջարկում ենք բոլոր ոլորտներում առկա խնդիրների հստակ և հասցեական լուծումներ՚,- ընդգծել է նա:
Խոսելով քառօրյա պատերազմի հետևանքների մասին՝ Օսկանյանը նշել է, որ հայկական կողմը պետք է ձգտի խաղաղության, սակայն պատրաստ լինի պատերազմի: ՙ Բանակը պետք է դառնա մեր տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման շարժիչներից մեկը՝ իր պատվերներով ու պահանջարկով՚,- ասել է նախկին նախարարը: Նա նաև անդրադարձել է արտաքին քաղաքականությանը՝ հայտարարելով, որ իշխանության գալով՝ ՙՀամախմբումը՚ կշարունակի կոմպլեմենտար քաղաքականությունը, քանի որ
համարում է այն ամենաընդունելին այնպիսի երկրի համար, ինչպես Հայաստանն է:
Նշենք, որ ՙՀամախմբում՚ կուսակցությանը միացել է նաև Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ժողովրդավարական արժեքների և երկրի հետագա զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ամբողջովին արտացոլված են կուսակցության ծրագրում:
Նշենք, որ կուսակցության հիմնական կորիզը ձևավորվել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության շարքերը լքած պատգամավորներից: Համարվում է, որ ՙՀամախմբում՚ կուսակցության հիմնադիրները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են, ով, սակայն, հրապարակայնորեն չի ասոցացվում այդ ուժի հետ: