
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուխտագնացություն է համարում իր այցը Հայաստան:
Ինչպես հաղորդում է La Stampa-ն, դիմելով Արևելյան եկեղեցիների օգնության միավորման վեհաժողովի պատվիրակներին, Սրբազան քահանայապետը խնդրել է աղոթել Հայաստան իր առաջիկա այցի համար: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, քանի որ ես մի քանի օր հետո մեկնում են ուխտագնացության Արևելք` Հայաստան, մի երկիր, որտեղ առաջինն են ողջունել Հիսուսի Ավետարանը», - ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Միևնույն ժամանակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան այցին ընդառաջ կարդինալ Լեոնարդո Սանդրին իտալական գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ պապի այցի առանձնահատկությունը հենց ուխտագնացությունն է:
«Այդ այցը Պապի կողմից սիրո և հիացմունքի արտահայտություն է դեպի դարավոր քրիստոնեական ավանդույթով այս հնագույն Եկեղեցին, ինչպես նաև նվիրվածության դրսևորում այս երկրի նկատմամբ, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը 301 թվականին, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դարձի բերեց և մկրտեց ողջ ազգը։ Պապն իր հետ կբերի իր երախտագիտությունը և հարգանքը ժողովրդին, որը կոփվել է քրիստոնեական ոգով և կարողացել է պահպանել հավատի և սեփական ինքնության արժեքավոր գանձը դարեր շարունակ։ Ոգու այս ուժով Հայաստանը կկարողանա կառուցել խաղաղ և հուսալի ապագա։ Հավատում եմ նաև, որ այս այցը շատ կարևոր կլինի ողջ սփյուռքահայության համար, ովքեր ապրում են Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում և բազմաթիվ այլ երկրներում, և ովքեր այս ազգի մարդկային ու քրիստոնեական արժեքների փայլուն օրինակ են: Ֆրանցիսկոսի խոսքն ու օրհնությունը նրանց համար մխիթարություն ու խթան կլինի», - համոզված է Սանդրին:
Կարդինալը նաև անդրադարձել է Կաթոլիկ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու ներկայիս հարաբերություններին՝ բնութագրելով այդ հարաբերությունները «շատ եղբայրական և մասնավորապես բարեկամական»։ Նրա համոզմամբ, Ֆրանցիսկոս Պապի այցը կնպաստի երկու եկեղեցիների միջև էլ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, առավել ամուր եղբայրական, բարեկամական կապերի և արդյունավետ փոխգործակցության, որոնք շատ ոլորտներում կտանեն ակտիվ համագործակցության։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանցիսկոս Պապն ու Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հանդես կգան համատեղ հայտարարությամբ, Սանդրին համոզմունք է հայտնել, որ առաջիկա այցի ընթացքում կմշակվի համատեղ հայտարարություն, որը կշեշտի ու կընդգծի ընդհանուր հավատն առ մեր Հիսուս Փրկիչը և կարտահայտի մեր միջև աճող եղբայրական կապեր կառուցելու մտադրությունն ու պատրաստակամությունը։
Կարդինալը նաև կարծում է, որ Հռոմի պապի այցը , անշուշտ, ազդեցություն կգործի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: «Ես կարծում եմ, որ այս այցն, անկասկած, հնարավորություն կլինի ուշադրություն հրավիրելու և խրախուսելու այն արժեքները, որոնք յուրաքանչյուր համայնքի ողնաշարն են՝ հրաժարում բռնությունից, զենքի կիրառումից, որոնք վիթխարի տառապանք են առաջացնում, և դիվանագիտությամբ, երկխոսությամբ, ըմբռնումով ու բանակցություններով խաղաղություն հաստատելու հետևողականությունը։ Կարծում եմ, որ Հայաստան այցի ընթացքում, որը Կովկասյան տարածաշրջան ուղևորության առաջին փուլն է (սեպտեմբերին պապը կուղևորվի Վրաստան և Ադրբեջան) պապը խաղաղության հզոր կոչ և ստաբուխ հրավեր կհղի՝ ուղղված Կովկասը Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջի վերածելուն, ինչը վերապահված է տարածաշրջանին աշխարհագրորեն», - նշել է կարդինալը։
Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կարգախոսն է ՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այցի տարբերանշանը շրջանաձև է. տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:
Սրբազան քահանայապետը Հայաստան կայցելի հունիսի 24-26-ը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան քահանայապետը կմեկնի Մայր աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր աթոռ Ս. Էջմիածնում Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պպպը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի սրբազան քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ: -