ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն կմասնակցի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել է Պիեռ Անդրիոն: ՙԵս նույնպես կմասնակցեմ այդ հանդիպմանը, ինչպես ռուսաստանցի և ամերիկացի համանախագահները: Իհարկե, մենք մեծ ակնկալիքներ ունենք այդ հանդիպումից: Հուսով ենք, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունը և առաջընթացի կհասնեն հակամարտության կարգավորման գործընթացում՚,- նշել է ֆրանսիացի համանախագահը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ԱՊԱ-ին հայտնել էր, որ կմասնակցի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ այնուհետև տեղի կունենա եռակողմ հանդիպում: Ավելի վաղ ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սանկտ Պետերբուրգի հանդիպման կազմակերպմանը չեն մասնակցում: