
Այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել, ժամեր առաջ հաղորդել է թերթի կայքը` Armlur.am-ը:
«Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օրաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Քննչական կոմիտեից դեռևս պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նշենք, որ այնտեղ է նաև Ռազմական ոստիկանության աշխատակից Հայկ Կարապետյանը: Սյուն որոշումը կայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գևորգ Խաչիկյանը: Ստորև ներկայացվող ծանուցագիրն ուղարկվել է լրագրողին, և ինչպես նկատում ենք, այնտեղ որևէ կարգավիճակ, որով նա հրավիրվել է, չի նշվում», - ասվում է կայքում հրապարակված նյութում:
Մինչդեռ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հերքել է այդ տեղեկատվությունը: «Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին», - ընդգծել է նա:
Հավելենք, որ կայքում զետեղված հրապարակման հիման Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբ է մեկնել այն հասցեով, որտեղ բնակվում է լրագրողուհին:
Ավելի վաղ «Ժողովուրդ»-ին հայտնի էին դարձել ՀՀ պաշտպանության նախարարությունում ծավալված աղմկալի մի պատմության մանրամասներ, որի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը: «Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտ ամսից, երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումները հրապարակային ընթացք չունեին, ապրիլյան 4-օրյա պատերազմն էլ չէր սկսվել: Բանն այն է, որ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը բացահայտել է, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին մատակարարվող տեխնիկայի գները ուռճացված են: Խաչատրյանի գործունեության արդյունքների մասին ՊՆ-ում սկսել են խոսել, Սերգեյ Հայրապետովը նրան զգուշացրել էր, որ վերը նշված ընկերության մասին մոռանա և չզեկուցի վերադասին, այլապես «կփոշմանի»: Սակայն Խաչատրյանը չէր լսել «խորհուրդը» և իր կողմից հայտնաբերված չարաշահման մասին վերադասին զեկուցել է: Արդյունքը եղել է այն, որ Սամվել Խաչատրյանն այսօր կալանքի տակ է: Իսկ Սեյրան Օհանյանը, նրա անվտանգության պետն էլ շարունակում են պաշտոնավարել, ընկերություններն էլ իրենց ուզած գներով ինչ որ բաներ են վաճառում ՀՀ ՊՆ-ին ու սրընթաց հարստանում: Ս. Խաչատրյանի հարազատները պնդում են, որ իրենց ազգականի դեմ մեղադրանք սարքելու գործով Սերգեյ Հայրապետովը անձամբ է զբաղվել», - գրել էր թերթը:
«Ժողովուրդ»-ին նաև հայտնի է դարձել, որ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը, որը այս տարվա մարտի 15-ին 5 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է, պատմել է քննիչներին, որ Սերգեյ Հայրապետովը անձամբ է իրեն հայհոյել, սպառնացել, հարվածել` ստիպելով ցուցմունք տալ Խաչատրյանի դեմ: Ընդ որում, ծեծի գործընթացը ծավալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության շենքում: