


Թեհրանը երկակի մոտեցում չի ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Այդ մասին ԱՊԱ-ին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
ՙՏարիներ շարունակ մեր դիրքորոշումը հակամարտության առնչությամբ անփոփոխ է եղել: Միջազգային կառույցների մակարդակով մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք եղել: Իրանի սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է՝ մենք աջակցում ենք բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, չենք ցանկանում տարածաշրջանում պատերազմի վերսկսում, քանի որ դա օգուտ չի բերի տարածաշրջանին՚,- նշել է դիվանագետը՝ կարծիք հայտնելով հայ-իրանական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ Ադրբեջանի Միլլի մեջլիսում հնչած քննադատության առնչությամբ:
Նա նաև անտեղի է համարել պաղեստինյան և ղարաբաղյան հիմնախնդիրների միջև զուգահեռներ անցկացնելը: Փաքայինի համոզմամբ, իսրայելական ռեժիմը վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար:
ՙԵվս մեկ անգամ նշեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը նման չէ պաղեստինյան հակամարտությանը: Իսրայելի կողմից այնտեղ իրականացվող կոտորածը և խոշտանգումները համեմատելի չեն Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այլ բան է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար երկրների ղեկավարները բանակցություններ են վարում, և մենք հուսով ենք, որ այդ բանակցությունները օգուտ կբերեն: Իսկ պաղեստինյան հարցի խաղաղ ճանապարհով լուծում մենք չենք տեսնում, չենք հավատում դրան՚,-ասել է իրանցի դիվանագետը:



