Թուրքիայի հայ համայնքը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին կոչ է արել Պոլսի հայ պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանին թույլ չտալ մասնակցել հոգևոր նիստերին: Այդ մասին ասվում է Թուրքիայի հայ համայնքի` ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին ուղարկած նամակում, որը նա ընթերցել է ԱԺ նիստերի դահլիճում:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Աթեշյանը հակահայ քարոզչության գործիք է դարձել Թուրքիայի իշխանություններին ձեռքին և պաշտպանում է վերջինի շահերը: Նամակում նաև նշվում է, որ իր վարքագծով նա վարկաբեկում է ոչ միայն հոգևոր անձի աստիճանը, այլև ողջ հայ ժողովրդին, մասնավորապես, թուրքահայ համայնքին, հետևաբար, անհրիաժեշտ է նրան կարգալույծ անել: Թուրքիայի հայ համայնքի նամակում նաև նշվում է, որ համայնքի անդամներն Աթեշյանին չեն ճանաչում որպես Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ: Նրանք նաև Հայաստանի համապատասխան մարմիններին խնդրել են թույլ չտալ Աթեշյանի մուտքը երկիր, որը նախատեսվում է հունիսի 22-ին` Գերագույն հոգևոր խորհրդին մասնակցելու և Հռոմի պապի այցին առնչվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հավելենք, որ Արամ Աթեշյանի այցի առնչությաբ «Ֆեյսբուքում» արդեն ստեղծղծվել է «Թույլ չտանք Արամ Աթեշյանի մուտքը Հայաստան» նախաձենռություն, որի անդամները մտադիր են ուղևորվել օդանավակայան ` նրա մուտքը Հայաստան թույլ չտալու նպատակով:
Հիշեցնենք, որ Աթեշյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը Թուրքիայի նախագահ Էրդողանին հղված նրա նամակն է, որում Պոլսի հայ պատրիարքի փոխանորդը քննադատության էր ենթարկել Գերմանիայի Բուդնեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը և դրա համար ներողություն էր խնդրել, ինչը հարուցել է ողջ աշխարհի հայության վրդովմունքը: