Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է գրել՝ հայ համայնքի ներկայացուցիչների և բարերարների պահանջների համաձայն: Այդ մասին ասվում է Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի կրոնական ժողովի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքարանն իր ողջ պատմության ընթացքում փորձել է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկրի իշխանությունների հետ, ջանքեր գործադրել՝ չանտեսելու հանրային կարծիքը, հատկապես՝ նման զգայուն հարցերում: ՙՀամայնքի անունից խոսելու պարտականություն ստանձնում է պատրիարքի փոխանորդը, քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, այդ պարտականությունը ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Այդպիսով՝ նա գրել է այդ նամակը՝ համայնքի ներկայացուցիչների, բարերարների պահանջների համաձայն, հետևելով նախկին Աթոռակալ պատրիարքների և բարձրաստիճան հոգևորականների օրինակին: Որպեսզի հետագայում ողջ պատասխանատվությունը չընկնի միայն Պատրիարքական Աթոռի վրա, ճիշտ ենք համարում, որ նման հայտարարություններ գրի առնվեն լայնանիստ խորհրդակցական հանդիպումներով` հաշվի առնելով որոշ զգայությունները՚,- նշված է հայտարարության մեջ:
Խորհրդի անդամները հայ հասարակության ներկայացուցիչներին նաև հորդորել են ցուցաբերել սառնարյուն կեցվածք և գիտակցաբար մոտենալ նամակի բովանդակությանը՝ հաշվի առնելով Թուրքիայում քաղաքական և սոցիալական պայմանները: ՙՏխրությամբ ենք հետևում, թե ինչպես նամակի բովանդակությունը ենթարկվում է քննադատության և անցնելով բոլոր սահմանները՝ հասնում սպառնալիքի և նվաստացման մակարդակի՚,- նշում են հայտարարության հեղինակները:
Նշենք, որ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հունիսի 22-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհուրդի նիստին և Հռոմի պապի Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։ Նրա այցի հետ կապված՝ Facebook սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է ՙԹույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան՚ նախաձեռնություն: Ակտիվիստների խումբը մտադիր է գնալ օդանավակայան և թույլ չտալ նրա մուտքը երկիր:Աթեշյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառ է հանդիսացել նրա նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որում նա քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի որոշումը, ինչը վրդովվել է աշխարհի հայությանը: