
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ, քաղաքական լուծումը կարող է գտնվել դրա կողմերի և միջազգային հանրության ջանքերով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան, Վրաստանի ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցում:
«Ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը: Այն բարդացնում է տարածաշրջանային համագործակցության զարգացումն ավելի քան երկու տասնամյակ շարունակ և բացասաբար է անդրադարձել Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացման և արդիականացման գործընթացների վրա: Այդ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Վրաստանի կենսական շահերից: Ես հուսով եմ, որ այդ հակամարտությունն այսուհետև չի սրվի: Դա չի համապատասխանում Հարավային Կովկասի երկրներից որևէ մեկի շահերին և կարող է կործանարար ազդեցություն գործել ողջ տարածաշրջանի զարգացման համար», - նշել է նա:
Սիխարուլիձեի գնահատմամբ, Վրաստանն ու Հայաստանը պահպանու են շատ լավ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ շահերի վրա, որոնց միջուկը բարիդրացիական հարաբերությունները պահպանելու ձգտումն է: Անվտանգությունն ու կայունությունն իմպետատիվ և վճռական գործոններ են երկու երկրների զարգացման համար:
«Հարավային Կովկասում մենք բոլորս կախված ենք միմյանցից ավելի, քան երբեմն մեզ թվում է: Դժվար է պատկերացնել մեկ երկրի հաջողությունը առանց մյուսի հաջող պետականության: Աշխարհաքաղաքական ընտրությունը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Թեև, ես կարծում եմ, որ մենք լավ հարաբերություններ ենք պահպանում, միշտ տեղ կա դրանց կատարելագործման համար: Մենք կարող ենք և պետք է նպաստենք մեր առևտրի, տրանսպորտային և այլ հաղորդակցությունների ամրապնդմանը, բիզնեսի և միջանձնյա հարաբերությունների զարգացմանը», - ամփոփել է վրելուծաբանը: