ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները պետք է գնահատել հարցով՝ ՙերբ՚, այլ ոչ թե ՙեթե՚-ով: ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի կազմակերպած օն-լայն հարցազրույցի ժամանակ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, պաշտպանության նախկին նախարար, Վրաստանի ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն:
ՙՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն օգտակար կլինի ոչ միայն Վրաստանի, այլ նաև՝ ողջ տարածաշրջանի համար: Այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը և զարգացման նոր հնարավորություններ կստեղծի: Դա կպահանջի մեզանից մեր ժողովրդավարական լիազորությունների ամրապնդում: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, ԶԼՄ-ների և դատական համակարգի անկախություն և միջազգային անվտանգության հարցում ներդրումն առանցքային ասպեկտներ են, որոնք կհանգեցնեն ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հաջողության՚,- համոզված է նա:
Նշելով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովի որոշման առկայությունը՝ Սիխարուլիձեն ենթադրել է, որ ՆԱՏՕ-ն գտնվում է իր ապագա ռազմավարության, այդ թվում՝ ընդլայնման ժամկետների որոշման գործընթացում: Ըստ նրա, Եվրոպայի ճգնաժամը, վրացական տարածքների օկուպացումը, Ուկրաինայում պատերազմը, ֆինանսական ճգնաժամը, փախստականները, տնտեսության դանդաղ աճը խոչընդոտել են այդ գործընթացին:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, այս խնդիրները ոչինչ են այն բանի համեմատ, ինչին բախվեց ՆԱՏՕ-ն 25 տարի առաջ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի խորհրդային օկուպացիայի և անդամ պետություններին անմիջական ռազմական սպառնալիքի հետևանքով: Բայց ՆԱՏՕ-ն հաջողությամբ հաղթահարեց այդ մարտահրավերները: ՙՔանի որ եվրոպական անվտանգության ռիսկերն ու մարտահրավերներն ավելի ակնհայտ են դարձել, և ճնշումն ավելի հասկանալի շատերի համար Արևմուտքում, անհրաժեշտ է դրանց առնչությամբ ամբողջական և ռազմավարական մոտեցում: Ես մոտ ապագայում ակնկալում եմ ավելի համաձայնեցված և վճռական ռազմավարական քայլեր՝ ուղղված ընդհանուր առմամբ դեպի ազատ և խաղաղ Եվրոպան: Դրանց թվում է Վրաստանի անդամակցության հարցը՚,- ամփոփել է Սիխարուլիձեն: