Երևանի և Բրյուսելի միջև վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունն ընթանում է, գործնականում, երկու տարի և հանգեցրել է այն բանին, որ աճել է ԵՄ երկրների հյուպատոսական ծառայություններ վիզաների համար դիմումների թիվը: Օրինակ, 2014 թվականին դիմումների թիվն ավելացել է 15%-ով, իսկ 2015 թվականին` 24%-ով: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն օգտվում են դյուրացված վիզային ռեժիմից: Դա կարևոր տարր է ապագայում վիզային ռեժիմի ազատականացման անցնելու համար: Սակայն դա դեռ` ապագայում», - նշել է դեսպանը:
Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 14-ին ներկա է եղել վիզաների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության բացմանը: «Միջոցառումն անցել է դրական մթնոլորտում: Ստորագրվել է աշխատանքի ընթացակագի արձանագրություն: Ընդհանուր առմամբ, քննարկումը, որին ես հետևում էի, կառուցողական բնույթի էր», - եզրափակել է Սվիտալսկին:
Ինչպես հաղորդվել է, հունիսի 14-ին Երևանում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերի համատեղ կոմիտեի երրորդ նիստում Հայաստանի փոխարտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշել էր, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել թե Վիզաների դյուրացման և թե հետընդունման շուրջ ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացմանը, և հույս է հայտնել, որ այդ համաձայնագրերի հաջող իրականացումը կհանգեցնի ՀՀ հետ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչն ամրագրված է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում ստորագրել են Վիզաների դյուրացման շուրջ համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Վիզաների դյուրացման համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք խմբերի ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար: Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար: Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք հաճախ են ճանապարհորդում, այդ համաձայնագիրն ավելի մատչելի է դարձնում ԵՄ երկրներ կարճաժամկետ վիզաներով այցելությունները, հնարավորություն ընձեռելով ճանապարհորդել 180 օր` 90 օրվա փոխարեն: 2013 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է հետընդունման շուրջ համաձայնագիր: Վիզային ռեժիմի պարզեցման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերի շուրջ ԵՄ հետ բանակցություններն սկսվել են 2012 թվականի փետրվարին Երևանում: