
Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումը մնում է Եվրամիության գերակայությունների թվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Քաղաքացիական ծառայությունը կարևոր օղակ է վարչական համակարգում: Եվրամիությունն աջակցում է բարեփոխումների անցկացմանը Հայաստանում: Քաղաքացիական ծառայության բարեփոխման տեսլականը, որ այսօրվա միջոցառմանը ներկայացրեց գերատեսչության նախագահ Մանվել Բադալյանը, մեզ դուրէ գալիս և արժանի է լիակատար աջակցության», - նշել է եվրոպացի դիվանագետը:
Նա ընդսմին նշել է, որ նախապատրաստվում է քաղաքացիական ծառայության մասին նոր օրենք, 2015 թվականի դեկտեմբերին ընդունվել է այդ ուղղությամբ ռազմավարությունը: Սվիտալսկու ասելով, դրանք լավ փաստաթղթեր են, և ԵՄ կշարունակի Հայաստանին աջակցել այդ ուղղությամբ:
Այսօր Երևանում մեկնարկել է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի ներքո կազմակերպված «Վերապատրաստման համակարգի բարելավումն իբրև արձագանք քաղաքացիական ծառայության մարտահրավերներին» թեմայով երկօրյա միջազգային աշխատաժողովը, որի նպատակն է ԵՄ ԱրԳ ծրագրի անդամ երկրների քաղաքացիական ծառայության համակարգող մարմինների, հանրային կառավարման ոլորտի պատասխանատուների հետ ուսումնասիրել քաղաքացիական ծառայողների ուսուցման և վերապատրաստման ոլորտի եվրոպական լավագույն փորձը, ԱրԳ երկրների վերջին ձեռբերումները, ինչպես նաև` Հայաստանում սկսված քաղաքացիական ծառայության բարեփոխումների համատեքստում քննարկել ոլորտի մի շարք արդիական հարցեր: Միջոցառմանը մասնակցում են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի քաղաքացիական ծառայության ոլորտի, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունն ընդունել է երկրի քաղաքացիական ծառայության ոլորտի բարեփոխման ռազմավարությունը, որը կիրագործվի փուլ առ փուլ` մինչև 2020 թիվը: Քաղաքացիական ծառայության բարեփոխման հիմնական վեկտորը հիմնված է եվրոպական սկզբունքների վրա և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: