


Տարեցտարի աճում է Հայաստանից զբոսաշրջիկների հոսքը դեպի Հունաստան, ավելանում է նաև վիզա ստանալու համար այդ երկրի դեսպանատուն դիմող ՀՀ քաղաքացիների թիվը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը` «Պատուհան դեպի Հունաստան» խորագրով միջոցառման ժամանակ, որի նպատակն է հայ ժողովրդին ներկայացնել հունական մշակույթը, Հունաստանի պատմությունը, խթանել հայ-հունական զբոսաշրջային փոխադարձ այցելությունները:
Նրա ասելով, Հունաստանի տուրիստական գրավչությունը տարեցտարի աճում է, և երկրի տնտեսությունն ուղակիորեն կախված է զբոսաշրջության ոլորտում ներդրումներից: «Այդ առումով 2015 թվականն աննախադեպ էր տորիստական բիզնեսի եկամուտների առումով` գումարած նոր աշխատատեղերի բացումը», - նշել է դեսպանը:
Ընդ որում նա ընդգծել է, որ Հայաստանը նույնպես սկսել է ժողովրդականություն վայելել հույն զբոսաշրջիկների շրջանում` որպես հնագույն քրիստոնեական երկրներից մեկը: Տայիսը կարծում է, որ Հայաստանում հույն զբոսաշրջիկներին կարող են գրավել հնամենի տաճարները: «Հաշվի առնելով, որ երկու ժողովուրդները միմյանց շատ մոտ են ոգով, հույնրի համար շատ հետաքրքիր կլինի տեսարժան վայրեր այցելելուն զուգընթաց շփվել հայերի հետ», - նշել է դիվանագետը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն, իր հերթին, նշել է, որ Հայաստանի և Հունմստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգանում և ամրապնդնվում է: Նա նշել է, որ դրական դինամիկա կա նաև Հունաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի ցուցանիշներում` թեև բացարձակ թվով այնքան էլ էական չէ: «Նման միջոցասռումները շատ կարևոր են զբոսաշրջության խթանման, ակտիվ մարքետինգային քաղաքականություն վարելու առումով», - նշել է Ապրեսյանը:



