

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն արձագանքել է նախօրեին սոցցանցերում տարածված՝ ապրիլյան պատերազմի կադրերով տեսանյութին:
ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Հասրաթյանը նշել է, որ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի ընթացքում ԼՂՀ Պաշտպանության բանակը փայլուն է դրսևորել իրեն:
Նա նաև խորհուրդ է տվել մեկնաբանությունների համար դիմել նրանց, ովքեր համացանցում տարածել են այդ տեսանյութը:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այդ տեսանյութը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ի պատասխան՝ նույնպես խորհուրդ է տվել մեկնաբանությունների համար դիմել այն տարածողներին:
ՙԵս մեկնաբանություններ չունեմ այդ տեսանյութի առնչությամբ: Մեկնաբանությունների համար դիմեք ԼՂՀ Պաշտպանության բանակին և նրանց, ովքեր տարածել են այդ տեսանյութը՚,- նշել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ հիշյալ տեսանյութը հունիսի 13-ին տարածել է ՙՈտքի Հայաստան՚ նախաձեռնությունը: Տեսանյութը փոխանցվել է նաև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին՝ որպես ապացույց այն բանի, որ հենց Ադրբեջանն է ապրիլին ագրեսիա նախաձեռնել Արցախի դեմ:
Հիշեցնենք, որ ներկայացված տեսանյութում երևում է, որ ԼՂՀ ՊԲ զինծառայողները բազմիցս հրամանատարությանը հաղորդում են հակառակորդի հարձակման մասին և խնդրում կրակ բացելու հրաման տալ, սակայն այդպես էլ այն չեն ստանում:(Տեսանյութի հղում՝ https://www.youtube.com/watch?v=Q08akW7zAok):



