Ռուսաստանը երբեք չի հանձնել, չի հանձնում և չի հանձնի դաշնակցային Հայաստանը, ինչում ես միանգամայն համոզված եմ, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը` Երևանի Ռուս-հայկական համալսարանում «Ղարաբաղյան հակամարտությունը. պատմությունն ու արդիականությունը» թեմային նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ:
«Դատողություններ անելով Ռուսաստանի դերի մասին և մեկնաբանելով ապրիլյան պատերազմի շուրջ իրավիճակը` մենք պետք է ելնենք ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներից, այլ` աշխարահքաղաքական իրողություններից: Իսկ այդ իրողություններն այսօր խոսում են հենց այն բանի օգտին, որ Մոսկվայի կողմից նման սցենարի իրագործումն անհնար է: Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ այլընտրանք չունի` մի շարք աշխարհաքաղաքական պարամետրերի առնչությամբ: Ի վերջո, միշտ չէ, որ ամեն բան արվում է բացահայտ և դառնում մամուլի ձեռքբերում», - նշել է նա:
Գեներալը կոչ է արել ՌԴ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները տարբերել Մոսկվայի արտաքին քաղաքականությունում և ռազմավարությունում «եղանակ չստեղծող» անձանց հայտարարություններից, վերջինների թվում նշելով նաև փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, որը տնօրինում է «օբորոնկան»:
Վաղարշակ Հարությունյանի գնահատմամբ, Ադրբեջանը նախկինում էլ փորձել է Մոսկվային հակել իր կողմը և այդպիսով իր օգտին լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Դա արվել է 1998 թվականին` կասպյան ռուսական գոտին ադրբեջանականի հաշվին ընդլայնելու, էներգառեսուրսների արտահանման բնագավառում համագործակցությունը խորացնելու և, նույնիսկ, երկրի տարածքում ռուսական ռազմակայաններ տեղակայելու Բաքվի առաջարկությունների միջոցով: Սակայն, Բաքվի բոլոր նախաձեռնությունները Մոսկվան մերժել է, և Հարությունյանը այսօր դրանց հաջողության համար հատուկ նախադրյալներ չի տեսնում:
Իսկ ինքնուրույն Ադրբեջանն ի զորու չէ Ղարաբաղը վերցնել, ինչի մասին, զինվորականի գնահատմամբ, վկայում են ապրիլյան ագրեսիայի արդյունքները, որոնք ցույց տվեցին ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով, անգամ նորագույն սպառազինությունների կիրառմամբ լուծելու ադրբեջանական բանակի լիակատար անկարողությունը: Հարությունյանի ասելով, Ղարաբաղը գրոհած ադրբեջանական հատուկ ջոկատայիններին առաջադրված նախնական խնդիրը բնակավայրերի նվաճումն էր: Սակայն պարզվեց, որ ԶՈՒ ի զորու չէ կատարել առաջադրանքը, ինչը, նրա կարծիքով, նրանց մարտունակության տեսանելի ցուցադրում է:
«Թուրքիայի կողմից առաջ մղվող ադրբեջանական ագրեսորի համար միակ դրական արդյունքը Ղարաբաղի և Ադրբեջանի բանակների միջև շփման գծի գրավված դիրքերն են: Չեմ ժխտի, որ այդ տարածքները պաշտպանության կազմակերպման գործում, անշուշտ, որոշակի նշանակություն ունեն: Սակայն ապրիլյան պատերազմից Ադրբեջանի ռազմաքաղաքական կորուստները գալիորեն գերազանցում են այդ հենակետերի կարևորությունը», - ամփոփել է զինվորականը: