Ամենամոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ այդ չեն ենթադրում, ավելին, թույլ չեն տալիս առկա իրավիճակն ու դրա զարգացման միտումները: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը` Երևանի Ռուս-հայկական համալսարանում «Ղարաբաղյան հակամարտությունը. պատմությունն ու արդիականությունը» թեմային նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ:
«Խնդիրն այն է, որ կարգավորման շուրջ բանակցություններում հայկական կողմը, Իլհամ Ալիևի նախաձեռնած ապրիլյան պատերազմից հետո, ինչի առնչությամբ, միանշանակ, ոչ մի կասկած չի կարող լինել, էապես կոշտացրել է իր դիրքորոշումը: Եթե մինչ այդ Երևանն ու Ստեփանակերտը պատրաստ էին ընթանալ զիջումների ճանապարհով` դեպի փոխզիջում, ինչի մասին բազմիցս ասվել է, 2016 թվականի ապրիլից հետո իրավիճակն էապես փոխվել է», - նշել է զինվորականը:
Հարությունյանը միանգամայն թերահավատորեն է գնահատել նաև շանտաժի և հակամարտության հայկական կողմերին հյուծելու Բաքվի քաղաքականությունը: Նշելով, որ Ադրբեջանը 1991 թվականից ի վեր այդպիսի քաղքականություն է վարում, զինվորականն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հույսերը, թե Հայաստանը հանկարծ կթուլանա և կգնա միակողմանի զիջումների, զուր են և երբեք չեն իրականանա:
1992 թվականից ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների կողմից: Ներկայում կարգավորման գործընթացը հիմնվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում ներկայացված և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք ենթադրում են նաև խաղաղապահ զորակազմի տեղակայում հակամարտության գոտում: