


Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորը Սևիմ Դաղդելենը կոչ է արել արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մուտքը Գերմանիա։
Նրա խոսքով, Գերմանիա մուտքը պետք է արգելվի բոլոր նրանց համար, ովքեր Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո սպառնում են Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին՝ ներառյալ Էրդողանը, հայտնում է Deutsche Welle-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարությունը Բունդեսթագի թուրքական ծագումով խորհրդարանականներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Բունդեսթագի որոշմանը, հայտարարել էր, որ Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորները, ովքեր քվեարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի օգտին, պետք է արյան անալիզ հանձնեն, քանի որ նրանց ծագումը կասկած է հարուցում:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվել է, գործնականում, միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից:



