
Սեփական ճաշակից ելնելով ու պահի թելադրանքով պայմանավորված, պատմության, ընդ որում, այլոց պատմության անիրազեկ ու կամայական վերանայումը անշհորհակալ և քաղաքական տեսանկյունից խիստ վտանգավոր գործ է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Երևանի կենտրոնում հայ ժողովրդի ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
ՙԺողովուրդների հիշողությունը, պատմությունը բյուրեղացնում, հերոսացնում է այն անհատներին, ում մեծագործության արդյունքում տվյալ ժողովրուրդը ունեցել է պատմական նշանակալի ձեռքբերումներ: Վիրավորելով որևէ ժողովրդի հերոսի, վիրավորում ես տվյալ ժողովրդի հավաքական հիշողությունը և ազգային զգացումները: Անխոս, Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի հազարամյակների պատմության ամենաերևելի հերոսներից է: Այն, որ Լեռնահայաստանը՝ Զանգեզուր-Սյունիքը 1918-1921 թթ. խառնակ ժամանակներում մնաց հայկական, դրանով իսկ չեզոքացնելով պանթուրքական գաղափարախոսների մինչ օրս չիրականացված գլխավոր նպատակը՝ Թուրքիան կապել Ադրբեջանի հետ, դա նախևառաջ Անդրանիկի ու Նժդեհի պատմական բացառիկ դերակատարության հետևանք է: Ես չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ին պետք է հուշեմ, թե հատկապես որ երկրի դեմ էր ուղղված ու այսօր էլ ուղղված է պանթուրքական գաղափարախոսության կենսագործումը: Իսկ եթե Մարիա Զախարովան ու Ռուսաստանի ԱԳՆ-ն <<զարմանալու>> անհաղթահարելի ներքին մղում ունեն, ապա, խնդրեմ, թող զարմանան նախևառաջ այն փաստի առիթով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2013 թ. նոյեմբերի 22-ի հրամանագրով՝ ողջ 2014 թ. ընթացքում, Ադրբեջանում, Թուրքիայում ու նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում պետականորեն, տարբեր կալիբրի ռուս չինովնիկների մասնակցությամբ նշվեց մուսավաթական կուսակցության առաջնորդ, 1918 թ. Ադրբեջանի նորաստեղծ առաջին հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի ծննդյան 130-ամյակը: Չմոռանանք, որ խոսքը հենց այն նույն Ռասուլզադեի մասին է, ով Ադրբեջանի խորհրդայնացումից հետո փախավ արտերկիր, իսկ 1941 թ., երբ խորհրդային ժողովուրդները արյունալի պայքար էին մղում նացիզմի դեմ, սեփական կամքով մեկնեց Բեռլին, համագործակցության ձեռք մեկնեց Վերմախտին, կազմավորեց ու ղեկավարեց ՍՍ-ի կազմում գործող ադրբեջանական լեգեոնը, որի կազմում, Խորհրդային միության դեմ կռվում էին շուրջ 25000 ադրբեջանցիներ, արյան մեջ խեդելով Վարշավայի խաղաղ բնակչությանը: Խնդրեմ, փոխանցեք Մարիա Զախարովային այդ առիթով էլ զարմանալ և պահանջել Զաքաթալայից, Գյանջայից ու այլ քաղաքներից հեռացնել Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձանները և պատժել բոլոր այն ռուս պաշտոնյաներին, ոքեր 2014 թ. մասնակցել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում Ռասուլզադեի 130-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ Իլհամ Ալիևից պահանջել չեղյալ համարել իր իսկ հրամանագիրը՚,- ասել է Ֆարմանյանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր. «Բոլորն են քաջատեղյակ ֆաշիզմի, նեոնացիզմի կամ նացիզմի հերոսացման ցանկացած արտահայտություններ
ի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել այդ արձանը, չէ՞ որ բոլորս էլ տեղյակ ենք Հայրենական պատերազմում հայ ժողովիդի հերոսական մասնակցության մասին՚: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանի բացումը, որի մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955թթ.) ականավոր հայ պետական և ռազմական գործիչ է, ով 20-րդ դարասկզբին պայքարել է հանուն Հայաստանի կայացման և նրա տարածքային ամբողջականության պահպանման: Նա հայ ժողովրդի ազգային նույնականության պահպանում քարոզող ուսմունքի (Ցեղակրոն) հեղինակն է: Հենց Գարեգին Նժդեհի և նրա ծավալած պայքարի շնորհիվ Հայաստանը կարողացել է պահպանել Սյունիքի մարզը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Գարեգին Նժդեհը սկսել է համագործակցել Գերմանիայի իշխանությունների հետ` նպատակ ունենալով կանխարգելել Թուրքիայի ներխուժումը Խորհրդային Հայաստան և, գերմանացիների կողմից Անդրկովկասի գրավման դեպքում, Գերմանիայի օգնությամբ հնարավորության սահմաններում վերականգնել Հայաստանի անկախությունը: Իսկ ԽՍՀՄ հաղթանակից հետո նա պատրաստակամություն է հայտնել մարտնչելու Խորհրդային Միության կողմից` Թուրքիայի դեմ հնարավոր գործողության դեպքում: Սակայն ավելի ուշ կալանավրովել է խորհրդային իշխանությունների կողմից և մահացել է բանտում` 1955 թվականին: