


Սարգսյան-Ալիև պետերբուրգյան հանդիպումը կնշանավորվի ռազմական ճնշման գործոնի օգնությամբ բանակցություններն այլ ուղղությամբ տանելու Բաքվի փորձով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Հունիսի վերջին նախագահների հանդիպման մասին հայտարարվեց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիու հետ հանդիպման ժամանակ, ինչից հետո հանդիպման նախապատրաստումը հաստատեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՙԵս միանգամայն իրատեսական եմ գնահատում նման սցենարը՝ հուսալով, որ Ալիևի այդ փորձը հաջողությամբ չի պսակվի: Հակառակ դեպքում Հայաստանը և ԼՂՀ-ն ավելի վտանգավոր հեռանկարների կբախվեն՝ հաշվի առնելով, որ հակամարտության բոլոր երեք կողմերը ոչ միայն պատրաստ չեն իրական փոխզիջումների, այլև նրանց դիրքորոշումներն ավելի կոշտ են դարձել՚,- նշել է նա: Նկատի ունենալով, որ երկու նախագահների Վիեննայի հանդիպումից հետո ընդամենը մեկ ամիս է անցել՝ փորձագետն այդքան կարճ ժամկետում ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության լուրջ երաշխիքների առաջացում չի տեսնում, որոնք կարող են բացառել ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարը և հանգեցնել քաղաքական լուծումների: Այս առումով Մինասյանը պետերբուրգյան հանդիպումը գնահատում է որպես բացառեպես Վիեննայի հանդիպման հեռանկարային շարունակություն:



