
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունը մեծ մասամբ իրականությանը չի համապատասխանում: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Սպիտակ տան վարչակազմի պատասխանն Ադրբեջանի նախաձեռնած խնդրագրին, որում «պահանջվում է Հայաստանի զինված ուժերի դուրս բերում և խոսք է գնում Սարսանգի ջրամբարի շահագործմանն առնչվող հումանիտար աղետի մասին»:
Բաբայանը չի բացառում, որ այդ խնդրագրին Սպիտակ տան պատասխանում նշվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սահմանների հարցը լուծելու անհրաժեշտությունը: Այդ լույսի ներքո նա նշել է, որ տարածքների ազատման վերաբերյալ Ադրբեջանի կոչը վաղուց հնացել է: «Ժամանակն է` Բաքուն հասկանա, որ անցյալին վերադարձ չի լինելու, այդ թվում` տարածքների հանձնման հարցում: Նման հայտարարություններն ափսոսանք են հարուցունմ, քանի որ, որքան շուտ Ադրբեջանը հասկանա և գիտակցի, որ անցյալին վերադարձ չի լինելու, այնքան ավելի շուգ կհաջողվի հասնել հակամատրության համապարփակ կարգավորման», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, խոսելով Սարսանգի ջրամբարի կառավարման և ամբարտակի ստուգման հարցերի քննարկման առնչությամբ կողմերի տեխնիկական փորձագետների հանդիպում կազմակերպելու մասին` Բաբայանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը, դրսևորելով բարի կամք, բազմիցս հանդես է եկել այդ նախաձեռնության օգտին:
«Մենք ընդառաջել ենք Ադրբեջանին: Բայց ցանկանում եմ ասել, որ ջրամբարի կառավարումն Ադրբեջանին հանձնելու հարց երբեք դրված չի եղել: Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել, չէ որ մենք Բաքվից չենք պահանջում մեր կառավարմանը հանձնել իրենց նավթահորերը, որոնք 20-րդ դարասկզբին զարգացվել են հենց հայերի կողմից: Կարծում եմ, որ սա այդ հարցի շահարկման հերթական փորձ է», - եզրափակել է Բաբայանը:
Ի պատասխան Բաքվի խնդրագրի` Սպիտակ տան վարչակազն ընդգծել է, որ ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հաստատուն կարգավորումը: «Սպիտակ տունը ծանոթ է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ թիվ 2085 բանաձևին: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ ԵԽԽՎ անդամ չէ, Սպիտակ տունը բարձր է գնահատում ցանկացած կողմի հետ կարծիքների փոխանակում անցկացնելու հնարավորությունը, որը շահագգրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Մենք կողմերին կոչ ենք անում դրսևորել զսպվածություն, անհապաղ բանակցություններ սկսել համակողմանի հաշտության համաձայնագրի շուրջ, որն արտացոլում է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձն Ադրբեջանի վերահսկողությանը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանում», - ասվում է ԱՄՆ նախագահի վարչակազմի պատասխանում:
Անդրադառնալով Սարսանգի ջրամբարի հարցին` Սպիտակ տունը նշել է, թե ԱՄՆ ողջունում է կողմերի տեխնիկական փորձագետների հանդիպումը` ջրամբարի կառավարման և ամբարտակի ստուգման հարցերը քննարկելու առնչությամբ, և համանախագահները պատրաստ են աջակցել նման հանդիպումներին: