Գերմանիայի ոստիկանությունը կապահովի Բունդեսթագի 11 թուրք պատգամավորների անվտանգությունը, ովքեր ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են ստացել` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանանձևի օգտին քվեարկելու համար, հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բուդնեսթագի որոշումից հետո հայտարարել էր, թե Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորները, մասնավորապես, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, պետք է արյան նմուշներ հանձնեն, «քանի որ նրանց ծագումը կասկածներ է հարուցում»: Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարությունը Բունդսթագի թուրք պատգամավորներին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ Թուրքիա ուղևորություններից:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվել է, գործնականում, միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից: