


Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է, քանի որ Նժդեհը հանդիսանում է հայ ժողովրդի ազգային հերոսը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
«Նժդեհը հանդիսանում է հայ ժողովրդի ազգային հերոսը, ինչպես ռուս եղբայրական ժողովրդի հերոսներն են` Ալեքսանդր Նևսկին, Ալեքսանդր Սուվորովը, Միխայիլ Կուտուզովը, Բագրատիոնը: Եվ որպես պատմաբան ես ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի և նացիզմի հետ ոչ մի կապ չունի: Նժդեհը պայքարել է հանուն Հայաստանի ազատության: Նժդեհը նացիստ չէ, նա հայրենասեր է, և այդ թեմայով շահարկումները տեղին չեն»,-եզրափակել է Շարմազանովը:
Շարմազանովը հիշեցրել է, որ 1939 թվականին ԽՍՀՄ արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը Գերմանիայի հետ ստորագրեց չհարձակվելու մասին համաձայնագիր, բայց ոչ ոք նրան ֆաշիստ կամ նացիոնալիստ չի համարում: «Բոլորն են գիտակցում, որ այդ համաձայնագիրն ստորագրվել է ԽՍՀՄ-ի և խորհրդային ժողովրդի շահերից ելնելով, որպեսզի կանխարգելվի ֆաշիստական Գերմանիայի հարձակումը: Նույնը տեղի է ունեցել նաև Նժդեհի պարագայում, նա համագործակցել է Գերմանիայի հետ, որպեսզի Գերմանիայի հաղթանակի դեպքում թույլ չտա նրա դաշնակից Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա»,-նշել է Շարմազանովը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր. «Բոլորն են քաջատեղյակ ֆաշիզմի, նեոնացիզմի կամ նացիզմի հերոսացման ցանկացած արտահայտությունների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել այդ արձանը, չէ՞ որ բոլորս էլ տեղյակ ենք Հայրենական պատերազմում հայ ժողովիդի հերոսական մասնակցության մասին»:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանի բացումը, որի մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


