ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է հունիսի վերջին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հանդիպման անցկացումը:
ՙՉնայած մենք այս պահին հանդիպման մանրամասներին տեղյակ չենք՝ կարող ենք հաստատել, որ հանդիպումը կկայանա հունիսի վերջին՚,- Trend-ին ասել է Ուորլիքը:
Համանախագահը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն քննարկել Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն իր հերթին նշել է, որ
հանդիպման վայրի մասին եղել են տարբեր առաջարկներ:
ՙԵրեկ ՌԴ ԱԳՆ կայքում տեղեկատվություն տարածեց, որ եռակողմ հանդիպումն անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում, սակայն հետո այն հեռացվեց՝ անհայտ պատճառներով: Ես լիազորված չեմ խոսելու հանդիպման անցկացման տեղի ու ժամանակի մասին, բայց կարծում եմ, որ այն տեղի կունենա հունիսին: Այդ հանդիպումը մեծ նշանակություն ունի մեզ համար: Հանդիպման ժամանակ կորոշվեմ հետագա քայլերի վեկտորները՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ՚,- հայտարարել է դիվանագետը:
Միաժամանակ նա նշել է, որ եթե չդադարեցվի ՙԱդրբեջանի նկատմամբ ագրեսիան և Հայաստանի զորքերը դուրս չբերվեն մեր երկրի տարածքներից, ոչ մեկ որևէ երաշխիք չի կարող տալ՚: Դեսպանի խոսքով, Ադրբեջանի նախագահը, ադրբեջանցի ժողովուրդը երբեք ոչ մի սանտիմետր հող չեն զիջի: ՙԴա պետք է գիտակցեն թե՛ Հայաստանը, թե՛ միջազգային հանրությունը, թե՛ համանախագահները: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ստատուս-քվոն անընդունելի է՚,- եզրափակել է դիվանագետը:
Նշենք, որ «ՌԻԱ Նովոստիի՚ համաձայն, հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պիեռ Անդրիեի և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Մարիս Ռիպերի հետ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում նախապատրաստելու հարցը:
Այդուհանդներձ, Երևանում հրաժավել են մեկնաբանել այդ տեղեկատությունը: Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը միայն հավաստիացրել է, որ բոլոր բարձր մակարդակի հանդիպումների և այցերի մասին հաղորդվում է պատշաճ ժեմկետներում: Իսկ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, ընդհանրապես, հրաժարվել է խոսել այդ թեմայի շուրջ: Հետագայում այդ տեղեկատվությունը հեռացվել է ՌԴ ԱԳՆ կայքից: