Թուրքիան տարբեր գործողություններ կձեռնարկի, եթե Գերմանիան «սխալ որոշումից՚ չհրաժարվի: Ինչպես հայտնում է Cumhuriyet-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը՝ անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Նա հայտարարել է, որ անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը, ինչպես նաև թուրքական իշխանությունների հետագա գործողություները: ՙՄենք արդեն որոշել ենք, թե ինչ գործողություններ ենք ձեռնարկելու, և եթե Գերմանիան իր «սխալ որոշումից՚ չհրաժարվի, իրականացվելիք քայլերը տարբեր կլինեն՚,- նշել է Էրդողանը: Ըստ որում, նա հիշեցրել է, որ Գերմանիայում 3 - 3,5 մլն թուրք է ապրում:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվել է, գործնականում, միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից: