


Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որը քննադատել է Բունդեսթագի պատգամավորներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:
«Այդպիսի արարքը տաբուի ակնհայտ խախտում է, ես վճռականորեն դատապարտում եմ դա», - ասվում է Շուլցի` Էրդողանին հղված նամակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եվրախորհրդարանի ղեկավարը պահանջել է, որպեսզի Անկարան այսուհետև Գրեմանիայի պատգամավորների խորհրդարանական գործունեությունը չհամեմատի ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հետ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Գերմանիայի թուրքական ծագումով խորհրդարանականներից պետք է արյան նմուշներ վերցնել, ստուգելու համար, թե արդյոք նրանք իրոք թուրք են: Բացի այդ, Թուրքիայի նախագահը ենթադրություն էր հայտնել, թե պատգամավորները կարող էին գործել` ելնելով Քրդական աշխատավորական կուսակցության շահերից, որը ԳԴՀ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվեց գրեթե միաձայն` մեկ «դեմ» և մեկ «ձեռնպահ»: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև` այդ իրադարձությունների համար Գերմանիայի պատասխանատվությունը: Թուրքիան պետության առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից: Ավելի ուշ Անկարան հայտարարել է, որ կընդունի ԳԴՀ նկատմամբ «գործողությունների ծրագիր»:



