
Մարդիկ, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, պարզապես, վախկոտներ են: Այդ մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից իր պատվին պետական ընթրիքի ժամանակ բաժակաճառում:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Չեխիայի նախագահը բաժակ է բարձրացրել Հայաստանի երջանիկ ապագայի համար և նշել, թե կցանկանար մտորել այն հարցի շուրջ, որը միավորում է Հայաստանը և Չեխիան: «Այսօր ճաշից հետո մի չեխ երիտասարդ լրագրող, ով ոչ բավականաչափ կյանքի փորձ ունի, ինձ հարցրեց, թե որտե՞ղ է ավարտվում ցեղասպանության սահմանը: Ես նրան պատասխանեցի՝ իմ երիտասարդ ընկեր, ես մեկ օրինակ եմ բերում՝ Եվրոպայում Համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում, գազային խցերում և այլն սպանվել է 6 մլն հրեա, բայց մի քանի հազար, հնարավոր է մի քանի տասնյակ հազար մնացել են: Եվ դուք ուզում եք ասել, որ դա ցեղասպանություն չէ՞, քանի որ մի քանի հազար մարդ մնացե՞լ է: Նույն բանը վերաբերում է հայ ժողովրդի ցեղասպանությանը: Որոշ մարդիկ ասում են՝ որոշները մնացել են, դա ցեղասպանություն չէ: Իսկական անհեթեթություն: Ես ուզում եմ ասել, որ մեզ միավորում է ճակատագիրը, քանի որ իմ ժողովուրդը դատապարտված կլիներ ցեղասպանության՝ նացիստական Գերմանիայի կողմից Համաշխարհային պատերազմում հաղթանակի դեպքում»,-ասել է Չեխիայի Նախագահը, ընդգծելով, որ նրանք, ովքեր ժխտում են այդ ցեղասպանությունը, հենց նրանք են, ովքեր ժխտում են հոլոքոստը: Նախագահ Զեմանը շեշտել է, որ մարդիկ, ովքեր դա ժխտում են, պարզապես վախկոտներ են: «Ես երբեք, պարո՛ն Նախագահ, սիրալիր քաղաքական գործիչ չեմ եղել: Նրանք պարզապես վախկոտներ են: Խոսում են մարդու իրավունքների մասին. որոշ մարդկանց համար մարդու ամենագլխավոր իրավունքը ցույց անելն է կառավարության դեմ: Իմ դեմ էլ են ցույց արել, այլ գործիչների դեմ էլ, դա նորմալ է: Բայց դա մարդու ամենագլխավոր իրավունքը չէ: Մարդու ամենագլխավոր իրավունքը՝ կյանքի իրավունքն է: Եվ բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ իրավունքը, ոչ մի իրավունք չունեն խոսել մարդու այլ իրավունքների մասին: Ես ցանկանում եմ բաժակ բարձրացնել կյանքի իրավունքի համար», - ՀՀ Նախագահի նստավայրում պետական ընդունելության ժամանակ ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին գոհունակությամբ նշել է Կարլովի համալսարանում հայագիտական առարկաների դասավանդման վերականգնումը: «Վստահ եմ, որ այն թույլ կտա չեխ երիտասարդությանն առնչվել հայկական մշակույթին, ինչպես նաև ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին և նրա ավանդույթները: Ինչպես ասել է հայտնի չեխ մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կամենսկին՝ «Դպրոցը մարդկության դարբնոցն է»: Հայ ժողովուրդն ավելի քան գիտակցում է այս բառերի բովանդակության խորությունը, քանի որ գոյության հարյուրամյակների ընթացքում մեկ անգամ չէ կյանքը վտանգի ենթարկել՝ փրկելով արժեքավոր ձեռագրեր, որպեսզի դրանց միջոցով սովորեցնի, զարգացնի հետագա սերունդներին: Հուսով եմ, որ հայ ուսանողներն էլ շուտով հնարավորություն կունենան առնչվել չեխերենի հետ: Չեխերենն ուսումնասիրելու և չեխական մշակույթը ճանաչելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գիտեն և սիրում են չեխ ժողովրդի մեծ զավակներին՝ Գաշեկին, Կաֆկային, Դվորժակին, Սմետանային և այլոց, որոնց անմահ ստեղծագործությունները շարունակում են հիացնել և դաստիարակել մարդկության նորանոր սերունդների: Եվ զարմանալի չէ, որ հայերի համար Չեխիան և հատկապես՝ Պրահան միշտ եղել է զբոսաշրջության սիրելի ուղղություններից մեկը»,-իր բաժակաճառում ասել է ՀՀ Նախագահը:
Խոսքի ավարտին Սերժ Սարգսյանը մեջբերել է չեխ գրող Միլան Կունդերայի խոսքերը. «Ընկերությունը մարդուն հարկավոր է նրա համար, որպեսզի նրա հիշողությունն ինչպես հարկն է աշխատի: Հիշել իր անցյալը, մշտապես պահել այն հոգում՝ դա է անհրաժեշտ պայմանը, որ թույլ է տալիս, ինչպես ասում են, պահպանել մեր «ես»-ի ամբողջականությունը»: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ այս վեհ խոսքերը կարելի է վերագրել նաև հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամությանը և հիշողությանը, որն ամուր հարաբերությունների լավագույն հիմքն է: