ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատապարտում է պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնությունը:
«ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացվել: Այդուհանդերձ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին», - ասվում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի առավոտյան Ստեփանակերտում ծեծի ենթարկվելու հետևանքով հոսպիտալացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության նախագահ և պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համախող Հայկ Խանումյանը: Հունիսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի մասնակիցները նախագահ Բակո Սահակյանից պահանջել էին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակել Սամվել Բաբայանին: Սակայն Բակո Սահակյանը հրաժարվել էր ընդունել Բաբայանի կողմնակիցներին, հայտարարելով, թե նման հարցերը փողոցային ճանապարհով չեն լուծվում: Դրանից հետո Խանումյանը հայտարարել էր գեներալին պաշտպանության նախարար նշանակելու համար նախաձեռնող խումբ ստեղծելու և բողոքի ակցիա անցկացնելու մտադրության մասին: «Ստեփանակերտում վարձակալվել է տարածք, որտեղ կգործի նախաձեռնող խմբի գրասենյակը», - նշել էր Հայկ Խանումյանը` չհստակեցնելով ակցիայի անցկացման օրն ու վայրը: Ավելի ուշ հիվանդանոցում Խանումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ իրեն ծեծի ենթարկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ` «բեսպրեդել»: «Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է: Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ», - գրել է պատգամավորը, հավելելով, որ Արցախից որևէ տեղ չի գնալու, և իր գլխավոր նպատակն այն է, որ Արցախը դառնա գործոն, պաշտպանված լինի և ոչ ոք Արցախի ճակատագիրը «բազարի» առարկա չդարձնի: Նա նաև հաղորդել է, որ իրեն ծեծողներից 7-ին ճանաչում է, նրանց տվյալներն ընկերները ճշտում են և կփոխանցեն «մեկ այլ ընկերների»: