


ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, 2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում, առ այն, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին: Հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձևավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարևոր գործերով քննության բաժնի և նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի առավոտյան Ստեփանակերտում ծեծի ենթարկվելու հետևանքով հոսպիտալացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության նախագահ և պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համախող Հայկ Խանումյանը: Նա արդեն հաղորդել է, որ իրեն ծեծողներից 7-ին ճանաչում է, նրանց տվյալներն ընկերները ճշտում են և կփոխանցեն «մեկ այլ ընկերների»: «Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ՚,- հայտարարել է նա:


