Սամվել Բաբայանի գործողությունները դիվերսիա են Արցախի հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտեննատ Լեւոն Մնացականյանը` Արցախի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։
Մեկնաբանելով Բաբայանի ելույթը Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիրում, որի ընթացքում նա քննադատել էր Արցախի ղեկավարության ռազմական քաղաքականությունը և կոչ արել հեռանալ, եթե չի կարողանում լուծել կուտակված խնդիրները, Մնացականյանը հայտարարել է. «Եթե նա գար, տեսակցեր իր հարազատներին, մտերիմներին, ես դա շատ նորմալ կընդունեի։ Բայց երեկվա իրադարձությունները հուշահամալիրում, իր հայտարարությունները, հասկանալի չեն: Ինձ համար հասկանլի կլիներ, եթե նրա կողմից համերաշխության քայլեր ձեռնարկվեին։ Իր գործողությունները համարում եմ դիվերսիա մեր հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ։ Դա անընդունելի է, եւ հասարակությունը համարժեք գնահատական պետք է տա նրա գործողություններին»։
Մեկնաբանելով ՊԲ հասցեին ուղղված Սամվել Բաբայանի քննադատությունը` Մնացականյանն ընդգծել է, թե Պաշտպանության բանակը քառօրյա պատերազմի ընթացքում կատարել է իր առջեւ դրված խնդիրը։ «Ես նաև համաձայն չեմ Սամվել Բաբայանի այն գնահատականին, թե ապրիլի սկզբի իրադարձությունները ոչ թե լայնածավալ պատերազմ էին, այլ դիվերսիոն գործողություն։ Եթե նման գնահատական տային քաղաքացիական անձինք, կարելի էր հասկանալ, քանի որ չեն տիրապետում՝ ինչ է մարտավարությունը, ռազմավարությունը, բայց երբ նման գնահատական է տալիս ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը, դա ինձ համար ցավալի է»,- եզրափակել է Մնացականյանը։
Նշենք, որ Արցախ վերադառնալուն պես Սամնվել Բաբայանն այցելել էր Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր, որտեղ հանդես էր եկել ելույթով` սուր քննադատության ենթարկելով Արցախի ղեկավարությանը` անարդյունավետ ռազմական քաղաքականության համար: Նա հավաստիացրել էր, թե բավականաչափ հմտությունների է տիրապետում` ԼՂՀ ՊԲ գորոծղությունների արդյունավետությունը բարձրացնելու համար, սակայն Արցախի ղեկավարությունն իրեն չի լսում: «Եթե դուք ինքներդ չեք կարող, ուրեմն հեռացեք և հնարավորություն տվեք գործելու նրանց, ովքեր կարող են», - հայտարարել է Բաբայանը` հանրությանը կոչ անելով չվախենալ իշխանությունից և ներկայացնել իրենց պահանջները: «Իշխանությունը ոչինչ չի կարող անել ժողովրդին», - հավաստիացրել է Բաբայանը: Միևնույն ժամանակ, Արցախի նախագահի նստավայրի առջև հավաքված նրա կողմնակիցները Բակո Սահակյանից պահանջել են Սամվել Բաբայանին վերադարձնել Արցախի պաշտպանության նախպարարի պաշտոնին:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը 1992 թվականից համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության ծրագրի մշակմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցություններին, մասնավորապես, 1994 թվականին ԼՂՀ անունից Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրել է հրադադարի շուրջ եռակողմ համաձայնագիրը: 2001 թվականին մեղադրվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար և դատապարտվել է 15 տարի ազատազրկման, սակայն 2010 թվականի սեպտեմբերին նրան ներում է շնորհվել: Այնուհետև Սամվել Բաբայանը Հայաստանում հիմնել է «Դաշինք» կուսակցություն, որը, սակայն, երկրի քաղաքական դաշտում հաջողություն չի ունեցել: Ավելի ուշ ֆինանսական լուրջ խնդիրների առնչությամբ Բաբայանն ստիպված հեռացել է Հայաստանից, երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում և օրերս է վերադարձել Հայաստան: