


Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային կզրկի Եվրամիությանն անդամակցելու նույնիսկ տեսական հնարավորությունից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մերձավոր արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:
«Թերևս, հենց դա կլինի գերմանաթուրքական հարաբերությունների սառեցման գլխավոր հետևանքը: Բնական է, որ Բունդեսթագի այդ որոշումը, վերջապես, հանգեցրեց արդարության հաղթանակին Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Սակայն, հարկ է խոստովանել, որ Գերմանիայի քաղաքական գործիչների իրական նպատակը, ավելի ճիշտ` թիրախը, Թուրքիայի նախագահ Էրդողանն է, որին գերմանացի խորհրդարանականներն իրենց բանաձևով հնչեղ ապտակ հասցրեցին», - նշել է նա:
Նշելով, որ Էրդողանը վերջին ողջ շրջանում փորձում էր շանտաժի ենթարկել Գերմանիային և Անգելա Մերկելին իր իսկ կողմից ստեղծված միգրանտների խնդրով` Սատանովսկին ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի նման քաղաքականությունն ավարտվեց լիակատար պարտությամբ: Ադ դբանաձևի ընդունմամբ Գերմանիան, նրա գնահատմամբ, Էրդողանի Թուրքիային ցույց տվեց նրա իրական տեղը, իսկ «բանաձևի ընդունումը թույլ չտալու» Թորքիայի ղեկավարության սպառնալիքները գերմանացի գործընկերների համար կատալիզատորի դեր խաղացին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման կայացման գործում:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվել է, գործնականում, միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից:



