


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին մասնակցելու Եվրոպայի օրվա հանրային միջոցառումներին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ԵՄ մամուլի ծառայությունից, այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Հայաստանի 5 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում: ՙԵվրոպայի օրը մեկնարկել է Վանաձորում մայիսի 14-ին: Գյումրին հյուրընկալել է Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 15-ին, Գավառը՝ մայիսի 18-ին, Գորիսը՝ մայիսի 21-ին, Կապանը՝ մայիսի 22-ին: Երևանում միջոցառումներ մեկնարկել են մայիսի 17-ին և կավարտվեն հունիսի 5-ին: Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը: Հունիսի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացումը, որին կմասնակցեն Հայատաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ անդամ երկրների դեսպանները: Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի բացօթյա համերգով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 19:00-ին: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իսպանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը իսպանացի հայտնի երգչուհի Լարա Թեյլորն է՚,- նշվում է հաղորդագրության մեջ:


