
Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այդ մասին ասվում է ԱԳՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։ Մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը», - ասվում է հայտարարությունում։
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը քննարկումների արդյունքում գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ է մնացել: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար:
Նշենք, որ այսօր Բունդեսթագում լսումներին ներկա են գտնվել Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն, քննարկումներին ներկա չեն եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը հայտնել է, որ Անգելա Մերկելը սատարում է բանաձևին և պրոբացիոն քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել դրան:
Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով արդեն նախազգուշացրել է Բեռլինին թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: