
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը որակապես նոր խթան կհաղորդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը շատ կարևոր է, քանի որ այդ երկիրն Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր 1915 թվականին: ՙԳերմանիան ապացուցեց, որ չի ենթարկվում թուրքական շանտաժին, և հանդիսանում է երկիր, որը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարական արժեքներին՚,- նշել է Շարմազանովը: Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի շղթայական ռեակցիայի, և Բեռլինի օրինակին կհետևեն այլ երկրներ: ՙԲացի այդ, Բեռլինի նման դիրքորոշումը 3-4 անգամ թուլացրեց Ցեղասպանության առնչությամբ Անկարայի՝ առանց այդ էլ թույլ փաստարկները՚,- նշել է նա:
Շարմազանովն արդեն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:
Գերմանիայի Բունդեսթագն այսօր կայացած քննարկումների արդյունքում գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ է մնացել: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար:
Նշենք, որ այսօր Բունդեսթագում լսումներին ներկա են գտնվել Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն, քննարկումներին ներկա չեն եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը հայտնել է, որ Անգելա Մերկելը սատարում է բանաձևին և պրոբացիոն քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել դրան:
Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով արդեն նախազգուշացրել է Բեռլինին թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: