ԵԱՀԿ Մինսկի խումբն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը կկայանա հունիսին: Այդ մասին «Թուիթերի» իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ադրբեջանի արտգործնախարարի հետ կարևոր բանակցություններ ենք վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցի շուրջ: Մենք ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին», - գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային այցի շրջանակում կայացել է նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հունիսի 2-ին Փարիզում նախատեսվում է միջնորդների հանդիպում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մայիսի 31-ին հաղորդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյյարովի ավելի վաղ հունիսին նախատեսված հանդիպումը չի կայանա:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիենայի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել պետությունների ղեկավարների մակարդակով բանակցությունների հաջորդ փուլը հունիսին կազմակերպելու վերաբերյալ: